«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Բակո Սահակյանի ուղերձը

Բակո Սահակյանի ուղերձը
10.05.2017 | 01:04

Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՜ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՜ն գեներալներ, սպաներ, զինվորներ, հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:


Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգևել մեզ և ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի և արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց:


Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:
Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետև ունենք նաև արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը և հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ:


Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին` Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք:

Դիտվել է՝ 11633

Մեկնաբանություններ